Փոքր քայլերի տեխնիկա կամ ինչպես հասնել ցանկալի եկամուտների…
Ես կսկսեմ Ամերիկայի նախագահ Ռուզվելտի խոսքերով. «Արա՛ այն ամենն, ինչ քեզնից կախված է, այնտեղ, որտեղ դու գտնվում ես և այն ռեսուրսներով, որոնք գտնվում են քո ձեռքի տակ»: Երեք կոնկրետ խորհուրդ, որոնք, եթե ցանկացած մարդ սկսի ամբողջական կիրառել իր կյանքում, իր միկրոաշխարհում, ապա իր շրջապատում որակական փոփոխություններ կկատարվեն: Յուրաքանչյուրի առանձին փոփոխությունն էլ արդեն կբերի երկրի որակական փոփոխության և այդպես շարունակ… Քո տրամադրության տակ եղած բոլոր ռեսուրսների կիրառման արդյունքը կլինի ակնհայտ:
Գումար աշխատելուն ես նայում եմ՝ հենվելով երկու հիմնաքարերի վրա՝
- պրոդուկտի
- այն վաճառելու կարողության…
Պրոդուկտ ասելով՝ ես հասկանում եմ երկու բան՝
- Մասնագիտությունը որպես պրոդուկտ,
- պրոդուկտ, որը օգտագործվում է բիզնեսում:
Դիտարկենք մասնագիտությունը որպես պրոդուկտ: Այն առաջին հերթին պետք է լինի ժամանակակից, այսինքն՝ պետք է տեսնել, թե շուկայում այդ պահին պահանջարկից ելնելով այն ունի տեղ, թե ոչ: Եվ հետո, այս դարում հնարավոր է սովորել ցանկացած մասնագիտություն վեց ամսում կամ մեկ տարում, այսինքն՝ անհրաժեշտ է անընդհատ ինքնակրթվել, ինքնազարգանալ…
Փիլիսոփայության մեջ մի ֆունդամենտալ միտք կա. բնությունը գտնվում է լինելիության ( ես կասեի ` շարժման մեջ, որովհետեւ «լինելիություն» ասվածը քիչ ընկալելի է ու հեռու է տանում իմաստից) մեջ, այսինքն՝ փոփոխության մեջ: Հետևաբար, եթե մենք պրոդուկտը չենք հղկում, գիտելիքները չենք շատացնում, այն վաղի կլինի ավելի վատը, քան երեկ…
Ավելացնեմ, որ ինչպես գիտությունն է զարգանում իր մեջ արված բացահայտումներով, այնպես էլ մարդն է զարգանում իր կյանքում արած բացահայտումներով…
Պրոդուկտը զարգացնելու համար շատ կարևոր է նաև գիտակցված փորձը… Այիսնքն՝ նայել դեռ չի նշանակում տեսնել, իսկ լսել դեռ չի նշանակում հասկանալ…
Գիտակցված փորձը այն փորձն է, երբ ինչի հետ շփվում ենք, տեսնենք ու հասկանանք դա ամբողջովին ինչպես լոկալ, այնպես գլոբալ մակարդակներում…
Հաջորդ հիմնաքարը պրոդուկտի վաճառքն է: Վաճառելու հետ կապված մենք ունենք խնդիր… Վաճառել ասելով ես նկատի ունեմ առաջարկել, ներկայացնել, երբ քո տված արժեքի դիմաց քեզ տալիս են մեկ այլ արժեք: Վաճառելու համար կարևոր է փաթեթավորումը, մարքեթինգը և այդ ամենի ճիշտ կազմակերպումը…
Մեր երկրում ընդունված է աշխատավարձը պատկերացնել ամսական կտրվածքով, ի տարբերություն, օրինակ, ԱՄՆ-ի, որտեղ չափվում է կամ ժամով, կամ տարեկան: Ամսական դիտարկելն ունի իր թերությունները՝
- Մենք մեր եկամտի չափը բաժանում ենք մեր քայլերից: Մենք չենք գիտակցում, որ մեր եկամտի չափը ուղիղ համեմատական է մեր քայլերին, այսինքն՝ ինչքան շատ ու ճիշտ քայլեր անենք, այնքան մեր եկամտի չափը կփոխվի:
Ես կարծում եմ այո… Եթե մենք սկսենք մտածել արդյունքից ելնելով, այսինքն՝ օրինակ, եթե մենք ուզում ենք աշխատել ամսական կոնկրետ ինչ-որ չափի գումար, ապա ըստ այդմ էլ պետք է հասկանանք, թե ինչ է պետք անել… Միշտ կան քայլերի տեսակներ, որոնք Ձեզ կմոտեցնեն եկամտի այն չափին, որը ցանկանում եք…
- Ամսական եկամտի տրամաբանության մեկ բացասական կողմ էլ ասեմ: Այն քայլերը, որոնք արդյունք են բերում 2, 3 կամ 6 ամիս հետո, մենք շատ հաճախ չենք դիտարկում, հանում ենք մեր քայլերի տեսադաշտից… Մինչդեռ այս հարցում պետք է մտածել երկարաժամկետ կտրվածքով:
Հիմնական ֆունդամենտալ քայլերը, որոնք ավելացնում են մեր եկամուտները, ունեն երկարաժամկետ ազդեցություն, այսինքն՝ դրանցով հնարավոր չէ մեկ ամսում միանգամից ավելացնել եկամուտները:
Այստեղ պետք են լրացուցիչ հոգեբանական տեխնիկաներ` այդ ամենը չհետաձգելու և ճիշտ կազմակերպելու համար: Դրանցից է «Փոքր քայլերի տեխնիկան»: Այն վեց բաղադրիչից կազմված տեխնիկա է: Դիտարկենք դրանցից մի քանիսը…
Առաջին բաղադրիչը միշտ պետք է լինի նպատակը, եթե մենք ուզում ենք ունենալ որակական փոփոխություն:
Նպատակն այն փաստն է, որը մենք ուզում ենք ունենալ որոշ ժամանակ անց: Եթե մենք չորոշենք այդ փաստը, ապա դեպքերի ընթացքը, զարգացումները, լրիվ մեզանից անկախ, կհանգեցնեն այլ արդյունքի:
Երկրորդ կարևոր բաղադրիչն այն է, որ եթե մենք որոշեցինք, որ ամեն օր իքս ժամանակահատվածում պետք է անել ինչ-որ գործողություն, ուրեմն դրանից ավել մեկ րոպե անգամ չենք շարունակում այդ գործողությունը, այսինքն՝ ժամանակը լրանալուն պես կիսատ ենք թողնում… Ինչպես Սևակն ասում է. «Լավագույն սերը կիսատ թողածն է»:
Կիսատ թողնելով՝ մենք վաղվա համար ստեղծում ենք մոտիվացիա` նորից այդ գործին վերադառնալու…
Եվ երրորդը` գույքագրե՛ք Ձեր ակտիվները… Շատ ժամանակ մեր ակտիվները մեր աչքից թաքնված են: Այսինքն՝ եթե մենք մեր ժամանակին, մեր էներգիային և այլնին որպես ակտիվ վերաբերվենք, ապա մենք իրենց հետ շատ ավելի խնամքով կվերաբերվենք և կօգտագործենք մեր նպատակին հասնելու համար:
Որպես ամփոփում մեկ կարևոր խորհուրդ ևս. ամեն օր թղթի վրա գրե՛ք այն ամենի մասին, ինչ արեցիք ու հասկացաք այդ օրվա ընթացքում…
Դա օգնում է վերագիտակցել, հիշել փաստերը, այսինքն՝ հարցին նայել տարբեր տեսանկյուններից: Եվ հետո, գրելով, Դուք ուղղակի դուրս եք գալիս հարցի միջից և դիտարկում եք այն կողքից…
Գրիգոր Առաքելյան