Ինչպե՞ս դառնալ հաջողակ…

Ինչպե՞ս դառնալ հաջողակ…

Նախ, յուրաքանչյուրն իր համար պետք է հասկանա, թե ինչ է հաջողությունը: Հաջողությունն այն է, երբ Ձեզ մոտ ստացվում է: Եթե Դուք ծախսում եք ավելի շատ ջանք, քան արդյունքն է լինում, դա հաջողություն չէ:

Իհարկե, նոր բան սկսելիս ավելի շատ ծախսելու եք, ավելի շատ աշխատելու եք, ավելի շատ տալու եք, քան ստանալու… Դա նորմալ է: Բայց երկարաժամկետ կտրվածքով Ձեր ծախսածն ու տվածը ինչ-որ բանի համար չպետք է ավելի թանկ լինի, քան այն, ինչին ուզում եք հասնել: Օրինակ` եթե Դուք 60 տարի ծախսեք, որ հետո ունենաք լավ մեքենա, ապա Ձեր ծախսածն ավելի արժեքավոր կլինի, քան այն, ինչին ուզում եք հասնել:

Ասում են. «Նպատակն արդարացնում է միջոցները»: Ես համաձայն չեմ դրա հետ, քանի որ, եթե միջոցներն ավելի մեծ են, քան նպատակը, այն ոչ մի կերպ չի արդարացվում: Արդյոք այն, ինչ զոհելու եք ավելի մեծ արժեք չունի, քան այն, ինչ ակնկալում եք: Շատ մարդիկ, հասնելով իրենց նպատակին, հիասթափություն են ապրում, քանի որ հասկանում են, որ դա այն չէր, ինչ իրենք ուզում էին և ինչի համար արժեր այդքան շատ զոհել:

Մյուս կարևոր պահը, որ կուզենամ շեշտել, «կեղտոտ փորձն է» : Ցանկացած գործի սկզբում, անկախ ոլորտից, կա մի հատված, որը կոչվում է «կեղտոտ փորձ»: Այդ ընթացքը առանձնանում է երկու կարևոր հատկանիշներով`

  1. մենք ծախսում ենք ավելի շատ ջանք ու էներգիա, ստանում ենք ավելի փոքր արդյունք,
  2. մենք ավելի շատ սխալվում ենք, քան ճիշտ քայլեր ենք անում:

Ժամանակի ընթացքում այս համամասնությունը փոխվում է, և մենք սկսում ենք ավելի քիչ ջանքեր գործադրել և ավելի շատ արդյունք ստանալ: Այդպես շարունակելով՝ հասնում ենք մի կետի, որից հետո արդեն ավելի փոքրացնելով  ջանքերը, կունենանք ավելի մեծ արդյունք: Դա այն ամենաներդաշնակ վիճակն է, որին ձգտում է ցանկացած բիզնես՝ մինիմալ ջանքերով ստանալ մաքսիմալ արդյունք:

«Կեղտոտ փորձի» ընթացքում կատարած սխալները մեզ սովորեցնում են, թե ինչպես անել, որ հաջորդ անգամ այդ սխալի հավանականությունը փոքրանա: Այսինքն՝ ամեն կատարած սխալից հետո, մենք հասկանում ենք ինչպես անել, որպեսզի հասնենք մեր ուզած արդյունքին: Պետք է նաև հաշվի առնել, որ «կեղտոտ փորձը» ժամանակավոր է, այսինքն՝ այն կա, բայց միայն որոշակի ժամանակահատվածում: Ուղղակի պետք է այն ճիշտ ընկալել և քաղել մեզ անհրաժեշտ ինֆորմացիան՝ ճիշտ օգտագործելով «կեղտոտ փորձի» առկայությունը:

Որպես ամփոփում կասեմ, որ «կեղտոտ փորձի» ընթացքում արված սխալ քայլերն ավելի օրինաչափ են, քան ճիշտ քայլերը: Կեղտոտ փորձի ընթացքում հաջողությունը ավելի պատահական է, քան օրինաչափ: Հետևաբար`

  1. պատահական հաջողություններից պետք չէ ոգևորվել, այլ մտածել, թե ինչպես կարելի է կրկնել այն,
  2. իսկ սխալներից պետք է դաս քաղել, ինչի արդյունքում դրանք կդառնան ճիշտ:

 

Գրիգոր Առաքելյան

Comments (0)

Գրել մեկնաբանություն

Գրգիգոր Առաքելյան © Բոլոր իրավունքները պաշտպանված են
Կայքը սպասարկում է Fidem ընկերությունը