Ինչպե՞ս կարգավորել լարված հարաբերությունները կողակցի հետ, ինչպե՞ս անել, որ նա էլ իր մեղքի բաժինը գիտակցի և ցանկանա ինչ-որ բան փոխել…
Նախ, այդ հարցին լուծում տալու համար, պետք է սկսել մեղքի սեփական բաժնի գիտակցումից, հասկանալ, թե ինչ ես արել, որ ձեր հարաբերությունները այդքան լարվել են և ինչն ոչ պակաս կարևոր է՝ ինչ չես արել դրա համար… Քանի որ հարաբերությունները լարվում են ինչպես քո արված, այնպես էլ չարված քայլերի արդյունքում…
Երկրորդ կարևոր հարցը, որի վրա պետք է ուշադրություն դարձնել, հասկանալն է, որ երկուսդ էլ ունեք սեփական պահանջմունքները: Այդ պահանջմունքները կարելի է պայմանականորեն բաժանել երկու տեսակի՝
- ֆիզիկական,
- հոգեբանական:
Ֆիզիկական պահանջմունքների մասին մտածելն, կարելի է ասել ավելի հեշտ է, քանի որ դա իրենից բարդություն չի ներկայացնում՝ սնվել, քնել, տանիք ունենալ, չմրսել, սեռական պահանջմունքները և այլն… Բարդությունը կայանում է հոգևոր պահանջմունքների մեջ՝ ուշադրության, իրեն կարևոր և գնահատված զգալու պահանջմունք, սեփական նշանակալիության, ինքնազարգացման, նորություններ ստանալու պահանջմունք…
Ի դեպ ուշադրություն դարձրեք նորություններ ստանալու պահանջմունքի վրա…Մենք բոլորս ունենք նորի պահանջմունք՝ նոր վայրեր, նոր հագուստ, նոր էմոցիաներ, նոր տպավորություններ, նոր իրավիճակներ և այլն… Եթե Դուք Ձեր կողակցի այդ պահանջմունքը չեք բավարարում, արդյունքում նրա ուշադրությունը Ձեր նկատմամբ պակասում է… Այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ են հատկանիշներ, որոնցով ոչ բոլորն են օժտված՝ կրեատիվությունն ու պրոակտիվությունը…
Դուք ինքներդ պետք է անընդհատ մտածեք, թե ինչ նոր հետաքրքիր բան կարելի է անել, ինչ նոր վայրում հանդիպել, ինչ նոր խոսք ասել, դրա համար մարդը պետք է լինի կրեատիվ…Իսկ պրոակտիվ լինել նշանակում է քայլ անել առանց արտաքին ազդեցության, առանց արտաքին ճնշման, այսինքն, եթե որոշել ես ինչ-որ բան անել, անես…
Հիշեք, ցանկացած չբավարարած պահանջմունք առաջացնում է մարդու մեջ լարվածություն, ինչն էլ վերածվում է կոնֆլիկտի ու վեճի… Պետք է նկատել և բավարարել կողակցի պահանջմունքները… Ուշադրություն դարձրեք նկատել բառի վրա, դրա տակ հասկանում ենք նկատել կողակցի պահանջմունքը, երբ նա էլ դեռ չի նկատել, քանի որ շատ ժամանակ դիմացինն ինքը չի հասկանում, թե ինչ է ուզում… Նման այն գործարարին, ով կռահում է և տալիս է հաճախորդին իր ուզածը…
Սա մի պատճառ, ինչի արդյունքում առաջանում է կոնֆլիկտ…
Մյուսը շահերի բախումն է… Երբ մեկին պետք է մի իրավիճակ, որն իր համար նորմալ է, հարմար է, իսկ մյուսին մեկ այլ հակասող վիճակ… Եթե մենք նայենք շահերի տեսանկյունից, դա պահանջմունքների ամբողջ փունջի վերջնական ձևակերպումն է… Այսինքն՝ երբ Դուք հաշվի չեք նստում դիմացինի շահի հետ, բնականաբար առաջանում է կոնֆլիկտ…
Հարաբերություններում ամենամեծ խնդիրը ու այս ամենի պատճառը հանդիսանում է այն, որ շահի մասին խոսելիս մտացում են իրենց շահի մասին՝ «Ես», «Իմը», «Ինձ մոտ», «Ինձ համար», բայց մեղադրելիս մեդալի մյուս կողմն է՝ «Դու», «Դու ես մեղավոր», «Դու չարեցիր», «Դու պատճառը եղար»… Եթե 180 ասիճանով փոխենք այս հանգամանքը և խոսենք դիմացինի շահերից, բավարարենք դիմացինի պահանջմունքը, բայց մեղադրենք մեզ, սկզբունքորեն հարցի լուծումը փոխվում է: Փաստորեն ստացվում է, որ Դուք բավարարում եք նրա, իսկ նա էլ Ձեր պահանջմունքները, և իմաստը կորում է ֆիքսվել սեփական պահանջմունքների վրա…
Շատ ժամանակ վեճերը գնում են դեպի կործանման, որովհետև մարդիկ մի պահ մոռանում են, որ իրենք հենց այդ պահին կշեռքի մյուս նժարի վրա դրել են ավելի թանկ բան, քան այն, ինչի շուրջ վիճում են… Մարդիկ չեն նկատում հանուն ինչի ինչ են զոհում…
Վեճերի մեջ շատ մարդիկ փորձում են իրենց հպարտությամբ ցույց տալ, որ առաջին քայլ չեն անի, որ իրենց համար այդ հաաբերությունները պակաս կարևոր են… Բայց պետք է հենց առաջինը քայլ անել, չձգել այդ սառը պահվածքը…
Չեմպիոն է ոչ թե այն մարդը, ով ավելի երկար դիմանում է ու առաջին քայլ չի անում, այլ այն մարդը, ով կարողանում է հասկանալ, թե որն է ավելի թանկ և չի փոխում էժան բանը թանկի հետ…
Գրիգոր Առաքելյան