Ինչո՞ւ ենք մենք «նվնվում» կամ վարքագիծ, որը «քանդում է մեր տունը»

Ինչո՞ւ ենք մենք «նվնվում» կամ վարքագիծ, որը «քանդում է մեր տունը»

Երկար ժամանակ աշխատելով անհատների և մարդկանց մեծ խմբերի հետ՝ վստահաբար կարող եմ ասել, որ եթե մեր ենթագիտակցության ու բնավորության միջից հանենք մի քանի հիմնական արգելակներ (тормоз), կյանքի տարբեր ոլորտներում կկարողանանք արդյունքների հասնել շա՛տ ավելի արագ և արդյունավետ:

Ի դեպ, ըստ իս, հաջողությունն այն է, երբ մեզ հաջողվում է ինչ-որ բան անել ոչ թե ահռելի ջանքերի և ռեսուրսների գնով, զգալի ծախսեր և կորուստներ ունենալով, այլ ընդհակառակը՝ նվազագույն ծախսերով ու հնարավորինս առանց կորուստների: Հակառակ դեպքում ինչ իմաստ ունի այն (ինչը ժամանակակից մոտիվացիոն գրականության մեջ կոչվում է «հաջողություն»), ինչի  ձեռքբերման վրա ծախսվածն ավելի շատ է, քան արդյունքը։

Օրինակ, եթե Ձեր ողջ երիտասարդությունը Դուք սպառել եք պաշտոնի հասնելու համար,  փաստ չէ, որ դա է հաջողությունը, քանի որ գինը, որ վճարել եք, չափազանց բարձր է:

Հաջողության մասին մեկ այլ առիթով դեռ կխոսենք, իսկ հիմա վերադառնանք ներքին արգելակներին: Նվնվալն արգելակներից ամենատարածվածն է։ Դրա դեմ պայքարելու համար շատ կարևոր է հասկանալ, թե որտեղից է այն սկիզբ առնում։ Իսկ սկիզբ է առնում այն այնտեղից, որտեղից սկիզբ  է առնում ամեն ինչ. մեր մանկությունից:

Երբ երեխան ջերմում է ու սկսում է նվնվալ, ծնողները պատրաստ են առանց մտածելու «զոհաբերել»  իրենց ունեցած լավագույն ռեսուրսները (օրինակ՝ ձմեռվա համար պահված մուրաբան կամ ծախսել վերջին գումարները), որպեսզի երեխան իրեն լավ զգա: Եվ երեխան դա տեսնում է. չե՞ս ուզում դպրոց գնալ՝ մի՛ գնա, հեծանի՞վ ես ուզում՝ խնդիր չէ:

Այսինքն՝ այդ տարիքից մեր ենթագիտակցության մեջ արդեն մտնում է, որ նվնվալը ցանկալիին հասնելու ամենահեշտ տարբերակն է, քանի որ այլ դեպքերում այդ ամենը պետք էր վաստակել: Իսկ երբ երեխան կազդուրվում է, բոլոր ցանկությունների իրականացումը կարծես կանգ է առնում. պետք է առավոտյան կրկին շուտ արթնանալ, դպրոց գնալ, դասերին պատրաստվել, որոշակի պարտականություններ կատարել և այլ, և այլն:

Այն, ինչը փոքր տարիքում մեր ենթագիտակցություն մտնում է որպես ցանկալիին արագ և հեշտ հասնելու եղանակ, հասուն տարիքում հակառակ ազդեցությունն է ունենում՝ դառնալով առաջ շարժվելու խոչընդոտ «тормоз» (կարելի է ասել նույն բանն է՝ «-» (մինուս) նշանով)։

Մեր ենթագիտակցությունը ճկուն է և ունի «հիշողություն»: Այն փորձում է մեր ներսում աշխատեցնել վարքագծի այն ձևանմուշները, որոնք սերմանվել են մեր մեջ մանկուց (իզուր չեն ասում, որ փոքր տարիքում հեշտ է լեզու սովորել, և սովորածը պահպանվում է ողջ կյանքի ընթացքում, կամ մարդուն պետք է լողալ սովորեցնել մանկուց): Եվ երբ հասուն տարիքում մեր կյանքում ինչ-որ բան չի ստացվում, մեր ենթագիտակցությունը «հիշեցնում է» մեզ, որ պետք է նվնվալ:

Իսկ ի՞նչ անել

Նվնվալով ցանկալիին հասնելու ռազմավարությունը աշխատում է միայն երեխա-ծնող հարաբերություններում՝ այն էլ առանձին դեպքերում, օրինակ՝ երբ երեխան փոքր է կամ վատառողջ: Իսկ հասուն տարիքում այլ ռազմավարություն է գործում՝ «տալ ու ստանալ» կամ  «տալ, տալ, տալ, ապա ստանալ»: Մենք սրան նաև անվանում ենք «վաստակել»:

Սա մարդուն դարձնում է, ի տարբերություն նվնվալու, որը գործողության մղելու փոխարեն մարդուն դարձնում է մեկը, ով պասիվ դիտորդի դերում է և ընդամենը կողքից հետևում է, թե ինչպես են իր հետ «անարդար վարվում»:

Նվնվալով՝ մենք մեզ ենթագիտակցորեն տեղափոխում ենք մանկական այն հոգեվիճակի մեջ, երբ ի վիճակի չենք գործելու և ցանկանում ենք, որ մեզ օգնեն։

Երբ մենք ստանում ենք ուրիշից մի բան, որն ինքներս էլ կարող էինք ունենալ, դա նման է նրան, երբ առողջ մարդուն հորմոններ ներարկես, երբ օրգանիզմը սեփական հորմոնները պետք է արտադրի: Այդ դեպքում օրգանիզմն ինչ-որ պահից սկսած այլևս հորմոններ չի արտադրի և կախում կունենա արտաքին «օգնությունից»:

Նվնվալով մենք իրավիճակը դիտարկում ենք մեզնից դուրս: Այդպես մենք չենք գործում, փոխարենը նստում ու սպասում ենք, որ «դրսում» ինչ-որ բան կատարվի, սպասում ենք մարդկանց կամ հանգամանքների բարեգթությանը, և այդ դեպքում մեր կյանքն առաջ չի շարժվում, մեր գործերն առաջ չեն գնում և մենք սկսում ենք դոփել տեղում, քանի որ խնդրներին լուծում չենք տալիս: Եվ այդ ժամանակ կարևոր է հարցնել ինքներս մեզ՝ ուզո՞ւմ ենք սպասել կողքից օգնող ձեռքի, թե՞ ինքներս կարող ենք լինել այդ ձեռքը:

Եկեք ամփոփենք

Այսպիսով ստացվեց մի կարևոր դիտարկում.

Նվնվալը.

  1. Ռազմավարություն է, որը մանուկ հասակում ցանկալին ստանալու և արտոնություններ ունենալու արդյունավետ միջոց է,
  2. Շատերը փորձում են այն տեղափոխել հասուն կյանք,
  3. Հասուն տարիքում այն ունենում է նույն արդյունքը՝ պարզապես «-» (մինուս) նշանով,
  4. Դրդում է գործողության բացակայության,
  5. Ստիպում է իրավիճակի ստեղծման պատճառները փնտրել մեզնից դուրս: Իսկ դա նշանակում է, որ մենք չենք կարող այն փոխել, այլ կարող ենք միայն տուժողի դերում սպասել ու ակնկալել մարդկանց կարեկցանքը:

Հետևաբար, այս ամենը պարզելուց հետո, մենք կարող ենք անել գիտակցված ընտրություն՝ նվնվալ ու լավագույն դեպքում ստանալ կարեկցանք, կամ որոշենք, թե ինչ ենք ուզում ունենալ ու դրանից ելնելով որոշենք մեր քայլերը:

Հեղինակներ՝ Գրիգոր Առաքելյան և Հրաչյա Մանուկյան

 

Տեղեկացնում ենք, որ հաջորդ Զարթուցիչը մեկնարկում է դեկտեմբերի 4-ին, որին կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ՝

https://goo.gl/sxG4nw

Զարթուցիչում քննարկվում են թեմաներ, որոնք վերաբերում են բոլորին։

Comments (0)

Գրել մեկնաբանություն

Գրգիգոր Առաքելյան © Բոլոր իրավունքները պաշտպանված են
Կայքը սպասարկում է Fidem ընկերությունը